top of page
Поиск

«Մենք էլ ենք ընդդիմություն, կարո՞ղ է այսօրվա իշխանության կողքն ենք». Արզաքանցյան

  • 2 июн. 2022 г.
  • 3 мин. чтения

Ներքաղաքական իրադարձությունների և ընդդիմության բողոքի ակցիաների շուրջ Radar Armenia-ն զրուցել է «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի հետ։


- Պրն Արզաքանցյան, ինչպե՞ս կգնահատեք ընդդիմության անհնազանդության ակցիաները և երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը։


- Ես կուզենայի, որ այդ ամենը լիներ քաղաքակիրթ ձևով, ժողովրդին շփոթության մեջ չգցեին։ Եթե մենք իսկապես ունենք ընդդիմադիրներ մեր խորհրդարանում, թող բարձրացնեն իրենց հարցերը խորհրդարանում, հրավիրեն այն կուսակցությունների ղեկավարներին, որոնց թիկունքում ժողովուրդ է կանգնած, երկրի վարչապետին, ԱԳ նախարարին, անհանգստացնող հարցերը դնեն իրենց դիմաց, որ կարողանանք մեր ներսում այդ հարցերը լուծել, ոչ թե աշխարհին ցույց տանք, որ փողոցով ունեցել ենք հեղափոխություն, հիմա էլ նորից սպասում ենք հեղափոխության։ Հետո այդ ամբոխը կդառնա շարունակական, մեկ-երկու տարի հետո նորից նույնը կլինի, ու, այդպես, մեր երկիրը կկորցնի իր ազգային արժեքները։ Ընդդիմության ակցիաներից որևէ լավ բան սպասել չենք կարող, փոխարենը՝ կկորցնենք մեծ ներդրողների և տարբեր ոլորտներում լուրջ համագործակցություն կատարողների։ Մարդիկ արդեն չգիտեն՝ որ կողմ գնան։ Մեկ բուռ ազգ ենք, չի կարելի կիսել երկու մասի։ Մենք պետք է համախմբված աշխատանքներ կատարենք։ Մենք մինչև ներսում իրար չհասկանանք, չհզորանանք, ոչ մի արդյունքի չենք հասնի, այսպես միայն այնպես ենք անում, որ թշնամիները ծիծաղեն մեզ վրա։ Եթե մեր երկրի իշխանությունը սխալ քայլերի է գնում, պետք է անպայման այդ հարցերը բարձրացվեն ներսում։ Պետք է հավաքվենք, նստենք, խոսենք, լուծումներ տանք, իշխանությունն էլ իմանա, որ ժողովուրդը իրեն վստահել է, և իրավունք չունեն վստահությունը կորցնել։ Այնպես չէ, որ մենք ընդդիմություն չենք, մենք էլ ենք ընդդիմություն, մենք կարո՞ղ է՝ այսօրվա իշխանության կողքն ենք։ Բայց մենք մասնակցում ենք հանդիպումներին։ Երբ գնում էի՝ արտախորհրդարանականների հետ մասնակցելու, գնում էի, որ հասկանայի՝ ինչ է կատարվում, ինչով և որ ունակություններով կարող եմ պետք գալ, պետությանը օգուտ տալ։ Եթե մենք չենք դարձել իշխանություն, չի նշանակում, որ մեր երկրի համար չենք մտածում կամ որևէ լավ բան չենք ուզում անել։ Եթե ուզում ես պիտանի լինել քո երկրին, պետք է իշխանության հետ համագործակցես, առաջարկներ տաս, օրենքի փոփոխություններ ասես։ Պետք է անես դա՝ առանց անձնական շահերի։ Եթե դու երկրի մասին ես մտածում, անձնական ոչ մի շահ չպետք է լինի, իսկ հիմա շատերը անձնական շահի մասին են մտածում՝ ոնց անեն, որ գան պաշտոնի, կարոտել են։


- Ներքաղաքական իրադրության ֆոնին ի՞նչ քայլեր է ձեռնարկում «Ուժը հայրենյաց» կուսակցությունը։


- Անհանգստանալու բաներ ունենք։ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, մենք Արցախի հետ պետք է ճանապարհ ունենանք, Գորիս-Կապան մեր ճանապարհը պետք է լինի առանց թուրքի և ադրբեջանցու։ Մեր երկրին պետք է տեր լինենք։ Մենք մեր բանաձևը ունենք, տեսնենք՝ ինչ ձևով կամ որոշումներով ենք կարողանում պիտանի լինել։ Դրա համար եմ գնում հանդիպումների, որ ասեմ, թե ինչպես կարող ենք լուծել խնդիրները, որ պետք է կլոր սեղանի շուրջ նստել և այդ հարցերը լուծել, փողոցով չենք կարող լուծել, մենք այդ տարբերակով ենք գնում ու հասնում ամենահետամնաց երկրներին։


- Ստեղծված իրավիճակում, ըստ Ձեզ, ո՞րն է ելքը։


- Ինչը մեր երկրին և երկրի անվտանգությանը դեմ է, չպետք է այդ քայլերին դիմել։ Մենք այսօր խաղաղության պայմանագիր ստորագրելու իրավունք չունենք։ Մինչև մեր ներսում եղած խնդիրները չլուծենք, մինչև Ադրբեջանի զինվորականները մեր սահմաններից դուրս չգան, մինչև գերիները չվերադառնան, մինչև մեր սահմանները չուժեղացնենք, մենք իրավունք չունենք խաղաղության պայմանագիր կնքել։ Խաղաղության պայմանագիր կնքեցիր, հետո՞։ Խաղաղապահները թողեցին, գնացին, հետո նորից պատերազմ սկսվի, ո՞վ է պաշտպանելու։ Հետո զանգենք ՀԱՊԿ, նամակ գրենք, նամակ ստացել են-չեն ստացել, զանգով ենք պատասխանել, նամակ չեն գրել, այդ հին վիճակնե՞րը լսենք։ Սա երկիր է, հո սեփական գրասենյակ չի։ Ընդդիմադիրներն իրենց որոշումներն ունեն, ես ի՞նչ ասեմ։ Ես իմ խոսքը ասեցի, որը բոլորին է վերաբերվում։ Բոլորը պետք է լսեն, և համախմբված լինենք։ Ընդդիմադիրներն ովքե՞ր են։ Ընդդիմադիրները մեր եղբայրներն են, բոլորը մեր եղբայրներն են՝ ընդդիմադիրներն էլ, գործողներն էլ, բոլորը մեր ազգից են, մեր հայերն են։


Անուշ Մկրտչյան




 
 
 

Comments


Մոսկովյան 33Ա
Երևան, Հայաստան
info@ujhay.am

374-98-01-10-01

374-93-70-01-01

  • facebook
  • youtube
  • instagram

© 2022 «Ուժը Հայրենյաց» կուսակցություն ։ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

bottom of page